Հուլիսի 7-ի երեկոյան Աթենքի քաղաքապետ Յորղոս Կամինիսը հարձակման է ենթարկվել: Կամինիսին տեղափոխել են հիվանդանոց, նա լուրջ վնասվածքներ չունի:
Agence France-Presse-ը, վկայակոչելով Հունաստանի մայրաքաղաքի քաղաքապետի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ անհայտ անձինք հարձակվել էին Կամինիսի վրա, երբ նա փողոց էր դուրս եկել հունական այլ քաղաքների քաղաքապետերի հետ բանակցություններից հետո: Ekathimerini-ն հայտնում է, որ պաշտոնյաները հավաքվել էին Աթենքի հունական քաղաքապետարանների միության շենքում` քաղաքապետարանի աշխատակիցների կրճատման վերաբերյալ կառավարության կողմից հաստատված միջոցները քննարկելու նպատակով: Հանդիպման ընթացքում Կամինիսը սատարել էր կառավարությանը:
Միեւնույն ժամանակ, շենքի մոտ տեղի էր ունենում քաղաքապետարանի աշխատակիցների արհմիության անդամների ցույցը, որոնք բողոքում էին պետաշխատողների կրճատումների դեմ, գրում է lenta.ru-ն: Քաղաքի իշխանությունները հարձակման մեջ մեղադրել են ցուցարարներին: Արհմիության անդամներն էլ իրենց հերթին հարձակումը սադրանք են անվանել:



























