Լատվիայի մայրաքաղաք Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում Երեւանի քաղաքապետ ՏարոնՄարգարյանը ներկա է գտնվել այս օրերին Ռիգայում անցկացվող երգի եւ պարի ավանդական տոնի գլխավոր միջոցառմանը: 1873թ-ից սկիզբ առած տոնն ամենասպասվածներից է Ռիգայի բնակիչների եւ Լատվիայի մայրաքաղաքի հազարավոր հյուրերի համար: Ռիգայի «Մեժապարկ» հանգստյան գոտում կազմակերպված միջոցառմանը շուրջ 15000 երգիչներ իրենց ելույթներով, հերթական անգամ փաստել են, որ յուրօրինակ այդ միջոցառումն իզուր չէ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես բանավոր եւ ոչնյութական մարդկային ժառանգության գլուխգործոց:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, շնորհավորելով գործընկերոջը երգի եւ պարի տոնի կապակցությամբ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն  ընդգծել է, որ իսկապես տպավորված է տոնի նկատմամբ բնակիչների կողմից դրսեւորված հատուկ վերաբերմունքով եւ տոնական միջոցառումներին ակտիվ մասնակցությամբ: Տոնախմբությունը շարունակվել է մինչեւ ուշ գիշեր: