Մոլդովայի խորհրդարանական օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն բարեհաջող վերադարձել է Քիշնեւ` Հայաստանի խորհրդարանում սկանդալային ելույթից հետո: Այսօր կկայանա նրա մամուլի ասուլիսը, փոխանցում է Քիշնեւի «Publika TV» հեռուստաալիքը:

Մինչ այդ, մոլդավական խորհրդարանի խոսնակ Իգոր Կորմանը հայտարարել է, որ Հայաստանում Միջազգային համաժողովում խորհրդարանական պատգամավոր Աուրելիա Գրիգորիուի ելույթը կգնահատի Արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովը:

ԱԳ նախարար Նատալյա Գերմանը հաղորդել է, որ Երեւանում տեղի ունեցած միջադեպը, որի պատճառը Մոլդովայից խորհրդարանական իրապաշտպան Աուրելիա Գրիգորիուի հայտարարություններն էին, կքննարկվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Քիշնեւ կատարելիք այցի շրջանակներում, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ: Ավելի վաղ նա «Publika TV»-ին հայտնել է, որ իրավապաշտպանի ելույթը դիվանագիտական սկանդալի առիթ չէ եւ երկու երկրների հարաբերությունների վրա ազդել չի կարող:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին, Հայաստանի ԱԺ-ում ընթացող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ Աուրելիա Գրիգորիուն մասնավորապես, հայտարարել էր, որ «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»: Նա նաեւ նշել է, որ Խոջալուի «ցեղասպանությունն» իրականացրել են հայերը, որն այլեւս միջազգայնորեն ճանաչված փաստ է: