ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան կրկին հետաձգել է այցը Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ տեղեկացված աղբյուրը:

Ըստ առկա տեղեկատվության, այցը մեկ շաբաթով է հետաձգվել` մոտավորապես մինչեւ հուլիսի 15-ը, սակայն ներկայումս վերջնաժամկետները ճշտվում են:

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվում է: Ի սկզբանե ծրագրվում էր, որ Ադրբեջանից Կոժարան կժամանի Հայաստան:

Գործող նախագահի այցը Երեւան արդեն երկրորդ անգամ է հետաձգվում: Ավելի վաղ նա մտադիր էր այցելել տարածաշրջանի միանգամից երեք պետություն, սակայն արդյունքում գնացել է միայն Թբիլիսի: Այս անգամ Կոժարան ծրագրում էր այցելել Բաքու եւ Երեւան, սակայն վերջին պահին այցի ծրագիրը կրկին փոխվել է: