Հուլիսի 1-ից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանի բարեկամուհի, 17-ամյա Մարիամ Արշակյանի` ֆիզկուլտուրայի դասին ձախ ազդրի կոտրվածք ստանալու եւ հիվանդանոցում մահանալու փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Այս գործի շրջանակններում մեղադրյալները Աբովյանի հիվանդանոցի երեք բժիշկներ են` բժիշկ ուռոլոգ Վահագն Կիրակոսյան, բժիշկ-թերապեւտ Նարինե Ամիրխանյան,  բժիշկ անեսթեզիոլոգ- ռեանիմատոլոգ Աշխարհաբեկ Մեհրաբյան: Երեքի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրված ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 25-ին:

Բժիշկներին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք մասնագիտական պարտականությունները կատարել են ոչ պատշաճ, դրանց նկատմամբ դրսեւորել են անփույթ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Ըստ մեղադրական եզրակացության` բժշիկների անփության արդյունքում ժամանակին հիվանդի մոտ չի ախտորոշվել ճարպային էմբոլիայի զարգացումը: «Ավելին 2012 թվականի մայիսի 20-ին ժամը 05:00-ի սահմաններում հիվանդի առողջական վիճակի դինամիկայում վատթարացման «ճարպային էմբոլիա »-ի մասին կլինիկական չափանիշներով վկայող դրսեւորումների հայտնաբերման պայմաններում, որոնցից են' պոլիտրավմայի բացակայության դեպքում ի հայտ եկող գիտակցության խանգարումները, գրգռվածությունը, զարգացող շնչառական անբավարարության պատկերը, կայուն չպատճառաբանված հաճախասրտությունը, զարկերակային ճնշման անկումը, ընդհանուր թուլությունը, չեն ձեռնարկել լաբորատոր եւ գործիքային ախտորոշիչ միջոցառումներ, մասնավորապես՝ թոքերի համապատասխան փոփոխությունների դիֆուզ ինֆիլտրացիայի, թոքա նկարի ուժեղացման հայտնաբերման նպատակով կրծքավանդակի ռենտգենոգրաֆիա, ի հայտ եկած բարդության ախտորոշման նպատակով նաեւ ակնահատակի, արյան եւ մեզի հետազոտություններ: Նկարագրված պայմաններում ճիշտ չկողմնորոշվելով, հիվանդի նկատմամբ անհրաժեշտ ծավալով բուժօգնություն ձեռնարկվելու փոխարեն, բավարարվել են միայն զարկերակային ճնշումը չափելով, պուլսը ստուգելով եւ նույն ԲԿ-ի հերթապահ բժիշկներ՝ թերապեւտ Նարինե Ամիրխանյանին եւ ռեանիմատոլոգ Աշխարհաբեկ Մեհրաբյանին հիվանդի մոտ հրավիրելով, այնուհետեւ կատարվել է ոչ հիմնավոր ախտորոշում, որի պայմաններում, մինչեւ վիճակի ծայրահեղ ծանր դառնալը, Մարիամ Արշակյանը մնացել է վիրաբուժական բաժանմունքում առանց լիարժեք եւ նպատակաուղղված բուժօգնության: Արդյունքում Սարիամ Արշակյանը չի տեղավտխվել վերակենդանացման բաժանմունք անհապաղ չեն սկսել անհրաժեշտ բուժական համալիր միջոցառումները թթվածնային թերապիան դիմակով կամ անհրաժեշտության դեպքում շնչափողի ինտուբացիայի եւ թոքերիարհեստական օդափոխության անցումով, ինֆուզիոն-դեզինտոքսիկացիոն եւ տրանսֆուզիոն թերապիան, հակակոագուլացիոն թերապիան, կորտիկոստերոիդների կիրառումը, մոնիտորային հսկողությունը կենսական կարեւոր ֆունկցիաների նկատմամբ, վիճակի կայունացման եւ անհրաժեշտության դեպքում հետագայում նաեւ կոտրվածքի վաղ վիրահատական մոբիլիզացիան, որի պայմաններում շարունակվել է ճարպային էմբոլիայի զարգացումը՝ հանգեցնելով գեներալիզացված ճարպային Էմբոլիայի առավելապես թոքային զարկերակի ճյուղերի խցանումով, որի հետեւանքով 2012 թվականի մայիսի 20-ին Ժամը 22:00-ի սահմաններում անզգուշությամբ առաջացել Է բուժվող հիվանդ Մարիամ Արշակյանի մահը»,- ասված է մեղադրական եզրակացության մեջ:

Ի դեպ, այս դեպքի վերաբերյալ եւս մեկ առանձնացված գործ կա, որի մեղադրյալ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Նորայր Ստեփանյանն է: Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 4 հոդվածներով` 120-րդ հոդվածի 1-ին (անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել), 311-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը), 325-րդ հոդվածի 1-ին (Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը) եւ 38-338-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սուտ ցուցմունք տալը):  Այս գործի քննությունը սկսվել էր ավելի վաղ: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 17-ամյա Մարիամ Արշակյանի Ֆիզկուլտուրայի դասին ստացած ձախ ազդրի կոտրվածքի պատճառով մայիսի 18-ին ժամը 14.00-ի սահմաններում տեղափոխվել է «Աբովյան» բ/կ եւ երկու օր անց մահացել: «Հստակ չենք կարող ասել, թե պատճառը որն է, կլինիկորեն ճարպային էմբոլիան է, ոսկրածուծի կոտրվածքից ճարպն անցնում է արյան մեջ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Աբովյան» բ/կ-ի ղեկավար Արթուր Պետրոսյանը: Նրա փոխանցմամբ` մայիսի 20-ին առավոտյան 6-ի սահմաններում ի հայտ է եկել ճարպային էմբոլիան, վիճակը ծանր է եղել, ռեամոբիլով Երեւան տեղափոխել չի հաջողվել: Արթուր Պետրոսյանը նշել է, որ դա հազվադեպ հանդիպող դեպք է, շատ ծանր բարդություն եւ այստեղ չէր օգնի նաեւ նրան ավելի վաղ բ/կ տեղափոխելը:

Նշենք, որ Մարիամ Արշակյանը Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ է եւ բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն գյուղի միջնակարգ դպրոցից: