Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, հուլիսի 9-ին, նշանակված է ԼՂՀ Շուշի ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի դիմումի քննությունը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշումը վերացնելու եւ տուժող Հայկ Մովսիսյանի իրավահաջորդ ճանաչելու պահանջով:

ՊՆ 3-րդ կայազորային քննչական բաժնի կողմից 2011 թ. օգոստոսի 3-ին Հայկ Մովսիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու) հիմքով, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:

2012 թ. նոյեմբերի 20-ին  Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Հայկ Մովսիսյանը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով, իսկ նոյեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Հայկ Մովսիսյանին գտել են մահացած՝ ԼՂՀ քննչական մեկուսարանի խցում: 2013 թ. ապրիլի 13-ին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությամբ վերաքննիչ դատարանը հետմահու անմեղ է ճանաչել Հայկ Մովսիսյանին:

Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, դեպքից անցել է շուրջ 7 ամիս, ու թեեւ տուժողի մայրը՝ Հեղինե Պետրոսյանը, ներկայացրել է բազմաթիվ դիմում բողոքներ, մինչ օրս տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել:  Ծնողները զրկված են եղել իրենց որդու իրավունքների պաշտպանության հնարավորությունից եւ գործի քննությունը հասանելի չէր զոհի ընտանիքի անդամներին:

Նշենք, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ստանձնել է Հայկ Մովսիսյանի կյանքի իրավունքի պաշտպանությունը: