Հուլիսի 7-ից զգալի թանկացավ գազը: Սակայն այդ նույն թանկացած գազը որպես վառելիք օգտագործող երթուղային տաքսիների ուղեվարձը չփոխվեց: Սա իհարկե ուրախալի է, բայց միեւնույն ժամանակ տխուր հետեւությունների առիթ է տալիս:
Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Խնդիրն այն է, որ երթուղայինների ուղեվարձի մեջ գազի ծախսը զգալի մասն է կազմում, եւ գազի թանկացումը բնականաբար պետք է հանգեցներ ուղեվարձի թանկացմանը: Ու եթե դա տեղի չի ունեցել, ուրեմն կամ մինչ այժմ մենք երթեւեկել ենք ակնհայտորեն ուռճացված ուղեվարձով, կամ ուղեւարձը չի թանկանում տնտեսվարողների վրա բանեցվող ճնշումների շնորհիվ:
Երկու տարբերակն էլ շատ վատ է: Տնտեսվարողները, իհարկե, արդեն բարձրաձայնում են ճնշումների մասին եւ պահանջում, որ իշխանությունները դոտացիա տրամադրեն երթուղայիններին: Նշենք, որ երեկվանից զգալիորեն՝ 8-10 տոկոսով թանկացել են գարեջուրը, «Ջերմուկը», հյութերը: Իսկ մարզերից ստացվող տեղեկություններով արդեն թանկացման միտումներ է դրսեւորում հացը»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























