«Մարդը գործը տվել է դատախազություն, քննություն է ընթանում եւ յուրաքանչյուր բանական մարդ, կարծում եմ, պետք է սպասի` քննությունն ընթանա ու իրավական գնահատականներից հետո նոր քաղաքական քննարկումների եւ գնահատականների անհրաժեշտություն կառաջանա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում.

«ՀՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվեցինք` ինքն անվերապահորեն վստահո՞ւմ է ՀՀ իրավապահ համակարգին: «Բա ո՞ւմ պիտի վստահեմ»,-հարցից փոքր-ինչ նեղսրտեց պարոն Մինասյանը: Նկատեցինք, որ Հայաստանում շատերը չեն վստահում մեր իրավապահ համակարգին: Պարոն Մինասյանն ասաց. «Դա այնպիսի գործ է, բնականաբար նաեւ հասարակական հսկողության տակ է: Հետեւաբար, այն մտորումները եւ մտավախությունները, որ որոշ մարդիկ ունեն, այս դեպքում, կարծում եմ, անտեղի է: Հասարակական հնչեղությունը, հասարակական հետաքրքրությունը պահանջ են ներկայացնում, որ մեր քննչական մարմիններն ամեն ինչ պետք է անեն օրենքի տառին համապատասխան»: Հետաքրքրվեցինք` ճիշտ չէ՞ր լինի, որ մինչեւ վերջնական իրավական գնահատականը վարչապետը գոնե ժամանակավորապես թողներ պաշտոնը: ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ ինքը հարգում է անմեղության կանխավարկածը»,- մեջբերում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):