Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի հայրը՝ Մաքսիմ Հակոբյանը, հունիսի 2-ին Գորիս քաղաքում տեղի ունեցած կրակոցներից մի քանի ժամ առաջ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, սպանված Ավետիք Բուդաղյանին եւ մյուսներին հրավիրել էր Սըդղի լիճ՝ հացկերույթի։ Այս մասին հիշեցնում է «Իրավունք» թերթը եւ հավելում. «Իսկ թե ինչպես է վերաբերվում նախկին մարզպետը նորանշանակ մարզպետին, հարցով դիմեցինք Ս. Խաչատրյանին.

Պարոն Խաչատրյան, արդեն նորանշանակ մարզպետ կա, ինչպե՞ս եք վերաբերվում։

Ճիշտը որ ասեմ, տեղյակ էլ չեմ, էտի ո՞րնա, էն բանի...

Ձեր մարզում արդեն մարզպետ են նշանակել, տեղյակ չե՞ք։

Ո՞ր մարզի։

Սյունիքի, բնականաբար։

Հա՜, Սյունիքինը, նշանակե՞լ են, տեղյակ չեմ, չեմ կարող գնահատական տալ։

Դուք տեղյակ չէ՞իք, որ նոր մարզպետ է նշանակվել։

Ոչ։

Այսինքն՝ Ձեզ այլեւս Սյունիքը չի հետաքրքրում։

Չէ, էդ կապ չունի, ուղղակի ժամանակ չի եղել ինֆորմացվեմ, դրա համար, մի քիչ խառնա գլուխս։

Ձեր խառը վիճակը հասկանում ենք եւ տեղեկացնենք, որ նորանշանակ մարզպետը Վահե Հակոբյանն է՝ Մաքսիմ Հակոբյանի որդին։

Լսած չկամ, եթե մի քիչ տեղեկություններ հաղորդեիք...

Դե հայտնեցի՝ Մաքսիմ Հակոբյանի որդին է Սյունիքի մարզպետը։

Դե, միեւնույն է, ոչինչ չեմ կարա ասեմ։

Իսկ Դուք չե՞ք ճանաչում նրանց։

Չէ, Վահեին չեմ ճանաչում։

Իսկ նրա հո՞րը։

Դե, գիտեմ որպես դեպուտատ։

Պարոն Խաչատրյան, հունիսի 2-ի դեպքի օրը դուք ճաշի եք հրավիրված եղել Մաքսիմ Հակոբյանի կողմից, այդպես չէ՞։

Ես ինչ գործ ունեմ էդ շրջապատի հետ, որ իրա հետ ճաշեի։

Չգիտեմ՝ ինչ գործ ունեիք, բայց Մաքսիմ Հակոբյանն իր հարցազրույցում ասել է, որ այդ օրը Դուք եւս հրավիրված եք եղել։

Ոչ, ես բացարձակ դրա հետ կապ չունեմ ու չեմ էլ ճանաչում։

Ո՞ւմ չեք ճանաչում, Մաքսիմ Հակոբյանի՞ն։

Ոչ, չեմ ճանաչում։

Բայց չէ՞ որ նոր ասացիք, որ ճանաչում եք։

Ես չեմ ասում ճանաչում եմ, շփվում եմ, ճաշի եմ հրվիրված։ Ես ճանաչում եմ, ոնց ասեմ, օրինակ՝ Սեյրան Օհանյանին էլ, բայց դա չի նշանակում, որ ինքը կարա ինձ ճաշի հրավիրի եւ այլն եւ այլն...»,-մեջբերում է «Իրավունքը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):