«Ժամանակ» թերթի զրուցակիցն է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր, «Բատկիվշչինա» ընդդիմադիր կուսակցության անդամ Արսեն Ավակովը: հատված հարցազրույցից.
Պարոն Ավակով, ընթացիկ շրջանը բնորոշվում է նրանով, որ Ռուսաստանն անթաքույց ճնշում է գործադրում հետխորհրդային երկրների վրա, որոնք մտադիր են ստորագրել ԵՄ Ասոցացման պայմանագիրը՝ նման բան թույլ չտալու համար: Ի՞նչ եք կարծում՝ այդ ճնշմանը դիմակայելու համար արդյոք հնարավորություններ եւ ռեսուրսներ ունեն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայաստանը եւ Ուկրաինան:
Գիտեք, ոչ շատ վաղուց իմ գործընկեր ուկրաինացի խորհրդարանականների հետ մասնակցում էինք Ռուսաստանի Պետդումայի նախագահի կազմակերպած, «Ռուս-ուկրաինական հարաբերություններ. Իրողություններ եւ հեռանկարներ» դասական անվանումով խորհրդաժողովին: Ինչպես ասաց հրավիրյալներից մեկը, դա «ռուսական աշխարհի շաբաշն» էր: Ես շատ եմ ափսոսում, որ այդ միջոցառումը Ուկրաինայում ուղիղ եթերով չէր հեռարձակվում: Վստահ եմ, որ լսելով Ժիրինովսկու, Գլազեւի, Մարկովի եւ մնացածների արտահայտած մտքերը՝ ուկրաինացիները կքվեարկեին հօգուտ եվրաինտեգրման: Նման մտքերն անհարիր են մեծ երկրին եւ ամենից առաջ վնասում են նրա հեղինակությանն ու արժանապատվությանը: Սակայն բարեբախտաբար, նման անհատականությունները դեռեւս ողջ Ռուսաստանը չեն:
Անկասկած, մենք այսօր կանգնած ենք բարդ ընտրության առջեւ՝ ձեռք ձեռքի տված գնալ դեպի Ռուսաստա՞ն, թե՞ անկանխատեսելի ծովին հանձնված՝ լողալ դեպի եվրաինտեգրում: Եվ զարմանալի չէ, որ մեր մերձավոր հարեւանը, ելնելով սեփական շահերից, փորձում է ազդել մեր ընտրության վրա: Ռուսաստանը ձեռնարկում է ազդեցության բոլոր հնարավոր միջոցները՝ սկսած քաղաքական առաջնորդների հետ տարվող «բացատրական աշխատանքներից» եւ քարոզից, վերջացրած տնտեսական միջոցներով: Եվ, մեղքս ինչ թաքցնեմ, նա ազդեցության լծակներ ունի:
Մեզ մնում է քայլ առ քայլ գնալ մեր ճանապարհով, ամեն օր աշխատել եվրաինտեգրման ուղղությամբ եւ չվախենալ: Գիտեք, մենք առաջինը չենք, որ դժգոհություն ենք հայտնում Ռուսաստանին: Ես կասեի, որ մեզ համար հիանալի օրինակ պետք է դառնան Մերձբալթյան երկրները: Չնայած բոլոր դժվարություններին՝ այսօր նրանք լիարժեք եվրոպական երկրներ են, եւ անգամ նրանք, ովքեր տեսել են նրանց ռուսական անցյալը, դժվարությամբ են հավատում, որ նրանք երկար տարիներ կտրված են եղել նորմալ քաղաքակրթական գործընթացից: Նաեւ մեր երկրներում կանցնի նոր հարաբերությունների կայացման այդ շրջանը, եւ կյանքն առաջ կշարժվի: Եկեք հիշենք, որ մեր ժողովուրդները ապագայում եւս պետք է հարեւանություն անեն, համագործակցեն, մեկը մյուսին հյուր գնան: Ես կտրականապես դեմ եմ թշնամանքին. մեր ժողովուրդները միասին շատ բաների միջով են անցել:
Արեւմտյան ընկերակցությունը՝ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն, որքանո՞վ է արդյունավետ օժանդակում Կրեմլի կողմից ճնշումներին մեր երկրների դիմադրության ամրապնդման եւ անվտանգության մարտահրավերները հաղթահարելու տեսակետից: Օրինակ՝ Հայաստանի նկատմամբ Կրեմլը կիրառում է իր համար հասանելի բոլոր լծակները՝ բարձրացնում է գազի գինը, մտադիր է սեփականաշնորհել մեր երկրի գազամատակարարման համակարգի մնացած 20 տոկոսը, Ադրբեջանին զինում է 1 մլրդ դոլար արժողությամբ հարձակողական զինատեսակներով եւ այլն:
Գիտեք, հարգելով եւ արժանին մատուցելով միջազգային կառույցներին՝ կարծում եմ, մենք ամենից առաջ հույսներս պետք է ինքներս մեզ վրա դնենք: Մենք՝ Ուկրաինայի ընդդիմադիր շարժման ներկայացուցիչներս, օգտագործում ենք իրավիճակի վրա ազդելու բոլոր հնարավոր կապերը, սակայն կարծում ենք, որ դրանք կարող են միայն օգնել եւ սատարել մեր ներքին ջանքերին: Միայն այն ժամանակ, երբ Ուկրաինայի ժողովրդի ճնշող մեծամասնությունը հստակ որոշում կընդունի, կաշխատեն եվրաինտեգրման գործընթացի՝ մեր օրենսդրության մեջ եղած մեխանիզմները: Միայն այդ ժամանակ Ռուսաստանի կողմից գործի դրված ցանկացած միջոցներ համարժեք կընդունվեն՝ որպես սպառնալիքներ եւ մանիպուլյացիայի փորձեր, եւ կկորցնեն իրենց ուժը:
Այո, տնտեսական հարցերը շատ կարեւոր են եւ ցավոտ, այո, Ռուսաստանը քարոզչության հետ զուգահեռ օգտագործում է դրանք, այո, մարդկանց դժվար է բացատրել՝ ինչու իրենք պետք է դիմանան զրկանքներին: Սակայն այլ ճանապարհ չկա: Յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր ընտանիք պետք է անի այդ ընտրությունը եւ որոշում կայացնի՝ դեպի ուր գնա իր երկիրը, եւ այդ ժամանակ էլ դժվար շրջանը հաղթահարելու ուժեր եւ ռեսուրսներ կհայտնվեն»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




























