Թվով 10 լրատվամիջոցներ առաջիկա 5 տարում իրավունք կստանան անվճար տարածքներ օգտագործել: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը ՀՀ կառավարության հուլիսի 10-ի նիստի օրակարգ է մտցրել որոշման նախագիծ, որի հիման վրա համապատասխան լրատվամիջոցների հետ կկնքվեն պայմանագրեր:
Որոշումը վերաբերում է հետեւյալ լրատվամիջոցներին.
- «Էկոնոմիկա» ամսագիր (78,2 քառ. մետր օգտակար տարածք եւ 17,8 ք.մ. պատշգամբ)
- «Օրենք եւ իրականություն» ամսագիր, (63 ք.մ. օգտակար տարածք եւ 19 ք.մ. պատշգամբ)
- «Գոլոս Արմենի» թերթ (305 ք.մ. օգտակար եւ 58,4 ք.մ. պատշգամբ)
- «Ոզնի» երգիծաթերթ (47 ք.մ. օգտակար եւ 11,1 ք.մ. պատշգամբ)
- «Նե-Շիկնոտ» ամսագիր (79.8 ք.մ)
- «Նովոյե Վրեմյա» շաբաթաթերթ (62 ք.մ.)
- «Կանչ» մանկապատանեկան թերթ (46,8 ք.մ օգտակար եւ 11,3 ք.մ. պատշգամբ)
- «Առավոտ» օրաթերթ (267.9 ք.մ. օգտակար եւ 59 ք.մ. պատշգամբ)
- «Ծիծեռնակ» ամսագիր (66,1 ք.մ. օգտակար եւ 7,6 ք.մ պատշգամբ)
Այս տարածքները գտնվում են Արշակունյաց 2ա հասցեում (մամուլի շենք): Բացի այդ՝ «Աջենսի օֆ ռեյտինգ մարքետինգ ինֆորմեյշն» (Արմինֆո) ինֆորմացիոն գործակալությունը 142.2 քառ. մետր տարածք կստանա Իսահակյան 28 հասցեում:
Նշենք, որ լրատվամիջոցներին նախկինում եւս անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ են տրամադրվել, սակայն 2011 թ. ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, ըստ որի՝ անհատույց տարածքներ կարող են տրամադրվել միայն այն լչրատվամիջոցներին, որոնք համապատասխանում են ՀՀ մշակույթի նախարարության սահմանած չափորոշիչներին: Սույն ցանկը որոշվել է այդ չափորոշիչներին բավարարող փաստաթղթերի հիման վրա:





























