Սողանքային տեղամասերի ընդհանուր մակերեսը 1216 քառ. կմ է, ինչը կազմում է հանրապետության ընդհանուր մակերեսի 4,1%-ը: Այդ մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացված «Սողանքային աղետի կառավարման» հայեցակարգում:
Հանրապետության 233 համայնքներ գտնվում են սողանքային վտանգավոր տեղամասերում, որտեղ վնասված են հարյուրավոր բնակելի տներ, հաղորդակցության ուղիներ և այլ կենսաապահովման օբյեկտներ:
Սողանքային երեւույթները առավել տարածում ունեն Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի համայնքների տարածքներում ու Երեւան քաղաքի առանձին հատվածներում:
Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության հետազոտող խմբի կողմից 2004 թվականին 145 սողանքային տեղամասերի գույքագրման տվյալներով, սողանքային աղետից հանրապետության սոցիալ-տնտեսական կառույցներին հասցված ուղղակի վնասը կազմում է մոտ 19,4 մլրդ. դրամ, իսկ պոտենցիալ վնասը` մոտ 24 մլրդ. դրամ:





























