Ավազակության մեջ մեղադրվող 25-ամյա Ա. Պ.-ն փորձել է փախչել դատարանից, սակայն նրա դեմ եւս մեկ քրեական գործ է հարուցվել: Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Ա. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում՝ ուղեկցող դասակի ոստիկանների կողմից դատական նիստերի դահլիճ ուղեկցելու ժամանակ, դատարանի շենքի երկրորդ հարկի աստիճանահարթակի կիսաբաց պատուհանից դուրս ցատկելով,փորձել է փախուստ կատարել: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ անմիջապես բռնվել է ուղեկցող դասակի ոստիկան Ռոբերտ Ոսկանյանի կողմից:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի 1-ին մասով (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 3-4 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























