Ի լուր այն մայրերի, որոնք, նկատի ունենալով ընտանիքում անչափահաս երեխաների թիվը, ուզում են Հայաստանի սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունից («Փարոսից») նպաստ ստանալ. անհրաժեշտ նախապայմանը ոչ ավելի, քան 50.000 դրամ աշխատավարձն է։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում. «Եթե աշխատավարձը դրանից անգամ 1000 դրամ ավելի եղավ, նպաստ չի հասնում։

Ընդ որում, տանը կենցաղային եւ այլ՝ քիչ թե շատ առաջնակարգ տեխնիկայի, եվրոլուսամուտների եւ մարդավայել կյանք վարելու համար անհրաժեշտ այլեւայլ իրերի եւ պայմանների բացակայությունն անչափ «բարձր» է գնահատվում ու մեծացնում... ընդամենը 32.000 դրամ նպաստ ստանալու հավանականությունը։ Ավելացնենք նաեւ, որ «Փարոսի» աշխատակիցները նպաստառուին կարող են տհաճ անակնկալի բերել անսպասելի այցով, ու վերոնշյալ վիճակի ամենաչնչին փոփոխության դեպքում անգամ «Փարոսը» կտրում է նպաստը, իսկ որոշ դեպքերում՝ անգամ պահանջում պետությանը վերադարձնել նախկին ամիսներին ստացված «չվաստակած գումարը...»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):