PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանն առողջական խնդիրների պատճառով ազատվելու է բանտից: Այս մասին տեղեկացնում է Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի հայրենասերների միությանը պատկանող Pukmedia կայքը:
Թուրքական մամուլում ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ վերջին շրջանում առողջական խնդիրների պատճառով բանտերից ազատ են արձակվում աղմկահարույց գործերով ձերբակալված բազմաթիվ գործիչներ եւ այդ համատեքստում մեջբերում են Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի հայրենասերների միության կայքում տեղ գտած տեղեկությունը, թե Աբդուլլահ Օջալանն առողջական խնդիրների պատճառով ազատ է արձակվելու:
Օջալանի ազատ արձակման վերաբերյալ հայտարարություն էր արել նաեւ թուրք հայտնի հակահայ պատմաբան Յուսուֆ Հալաչօղլուն՝ պնդելով, թե բժիշկների տված եզրակացության հիման վրա Օջալանին ազատ են արձակելու:
Նշենք, որ վերջին օրերին Օջալանին են այցելել նրա եղբայրը եւ քուրդ պատգամավորներ, ովքեր պնդում են, թե Օջալանի առողջական վիճակը գնալով վատթարանում է եւ անհրաժեշտ է անկախ բժիշկներից բաղկացած պատվիրակություն ուղարկել Իմրալը կղզու բանտ:
Հիշեցնենք, որ PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը բազմաթիվ սպանությունների եւ պայթյունների կազմակերպման մեղադրանքով ցմահ ազատազրկման է դատապարտվել եւ իր պատիժն է կրում Իմրալը կղզու բանտում։




























