Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցքի (BSSRC) ծրագրի հայ, վրացի, հույն եւ թուրք գործընկերները հուլիսի 16-ին ազդարարել են անդրտարածաշրջանային ծրագրի պաշտոնական մեկնարկը՝ Վայոց ձորի Նորավանքի տաճարի մոտ:

BSSRC-ն Վրաստանի, Հունաստանի, Թուրքիայի եւ Հայաստանի հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող համատեղ ծրագիր է, որի նպատակն է ստեղծել 3000-կիլոմետրանոց զբոսաշրջային ուղի, որը հունական Սալոնիկ քաղաքից կձգվի մինչեւ հայկական Մեղրի: Ծրագիրն, ի թիվս տարբեր նախագծերի, կներառի սմարթֆոնների հավելվածների մշակում iPhone-ների, iPad-ների, ինչպես նաեւ Android եւ Windows օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների եւ պլանշետների համար: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Սեւծովյան համագործակցության ծրագրի, իսկ Հայաստանում՝ նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») կողմից:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել  Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, Հունաստանի, Վրաստանի, Իտալիայի եւ Չինաստանի դեսպանները, Հայաստանի մշակույթի, էկոնոմիկայի, տրանսպորտի եւ կապի նախարարությունների, ինչպես նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչներ: Միջոցառման մասնակիցները դիտել են Արենի եւ Շատին գյուղերից պարողների եւ երաժիշտների կատարումները, մասնակցել են տեղի գյուղացիների աղուհացի միջոցառմանը, շրջեցին Նորավանքի համալիրի տարածքում եւ այցելել մոտակա գինու գործարանը:

«Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցքի ծրագիրը հայկական քաղաքակրթությունը՝ որպես համաշխարհային քաղաքակրթության մաս, խթանելու հավելյալ միջոց է: Այն հնարավորություն է տալիս հարեւան երկրներին համագործակցել մշակութային ոլորտում, ինչը նպաստում է զբոսաշրջության ոլորտի մրցունակության բարձրացմանը եւ դրական ազդեցություն է գործում ենթակառուցվածքների եւ ծառայությունների որակի վրա: Այս ծրագիրը կամրապնդի նաեւ Հայաստանի դիրքը՝ որպես զբոսավայր, ինչը շատ կարեւոր նախապայման է Հայաստանում զբոսաշրջային զարգացման համար»,- ասել է Ճանապարհորդությունների հայկական բյուրոյի տնօրեն Հովհաննես Մարգարյանը:

«Մետաքսի ճանապարհը պատմության ընթացքում շատ կարեւոր առեւտրային ուղի է եղել, եւ պատմական այս վայրերը նպաստել են տարբեր երկրների զարգացմանը: Այսօր մենք փորձում ենք վերականգնել Մետաքսի ճանապարհի միջանցքը՝ որպես զբոսուղի եւ թաքնված գանձ»,- ասել է Թուրքիայի Տնտեսագետների ասոցիացիայի նախագաhի տեղակալ Ֆիրատ Պոլատը:

Ծրագրի հունաստանյան գործընկեր Պիրուս Մերկուրիսի խոսքով՝ բջջային հեռախոսների նոր տեխնոլոգիաները եւ հավելվածները զբոսաշրջիկներին հնարավորություն կտան տեղեկատվություն ստանալ այցելության համար հետաքրքիր վայրերի եւ զբոսաշրջային ծառայությունների մասին: Առցանց այս համակարգը կներկայացվի զբոսաշրջային գործակալություններին եւ զբոսաշրջության ոլորտի մասնագետներին, հատկապես՝ նրանց, ովքեր հետաքրքրվում են GPS համակարգի եւ բջջային հեռախոսների հավելվածների միջոցով պատմական եւ բնական զբոսավայրերն իրար կապելու խնդիրներով: Նրանք կարող են այդ զբոսուղիներն օգտագործել զբոսաշրջային նոր փաթեթներ մշակելու եւ այդպիսով զբոսաշրջության տեղական գրավչությունները զբոսաշրջիկների համար առավել հասանելի դարձնելու համար: