Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղեւորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իր անունից ցավակցություն հայտնելով ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի եւ Պետական Դումայի նախագահներին ու խորհրդարանականներին  Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղեւորատար ավտոբուսի վթարի հետեւանքով  մարդկանց ողբերգական մահվան  կապակցությամբ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խնդրել է իր անկեղծ ցավակցություններն ու զորակցությունը փոխանցել նաեւ զոհվածների հարազատներին եւ մտերիմներին, իսկ բոլոր վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Հրաչյա Հարությունյանի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին Հովիկ Աբրահամյանի հեռագրերում ոչ մի խոսք չկա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին դատարան էին տարել կանացի ծաղկավոր խալաթով: Հարությունյանը գտնվում էր Բոտկինի հիվանդանոցում, բայց քննության պահանջով բժիշկները նրան դուրս էին բերել դեղորայքային քնի վիճակից: Նրան չսափրված վիճակում, կանացի ծաղկավոր խալաթով ու հողաթափերով տարել էին դատարանի դահլիճ:

«Նոր Մոսկվայի» պատահարը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին: Խիճ տեղափոխող ԿԱՄԱԶ-ը բարձր արագությամբ ավտոբուսին էր բախվել Օզնոբիշինո գյուղի մոտակայքում: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը հարվածից խուսանավելու համար ղեկը կտրուկ շրջում է, դրա հետեւանքով բեռնատարն ուղիղ նետվում է դեպի ուղեւորատար ավտոբուսը: Բախման թափից ԼԻԱԶ-ը կիսվում է երկու մասի, իսկ մարդկանց վրա տոննայով խիճ է լցվում: Ողբերգության զոհերը 18-ն են, տասնյակ մարդիկ հիվանդանոցում են: