Ադրբեջանը կողմ է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման անցկացման գաղափարին: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին, այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Նրա խոսքով, Վիեննայում քննարկվել է այդ հարցը եւ որոշվել է մտածել այդ նախաձեռնությունը կյանքի կոչելու ուղղությամբ: Համենայնդեպս, Բաքուն համաձայն է նման հանդիպմանը, ընդգծել է Մամեդյարովը: «Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում սպասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպում: Բացի այդ, օգոստոսին ԱՄՆ-ը պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակի»,-ասել է Մամեդյարովը:
Ադրբեջանի ԱԳ նախարարը հուլիսի 22-ին Բրյուսելում կմասնակցի «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում կայանալիք հանդիպմանը, որտեղ կհանդիպի նաեւ Ֆրանսիայի ԱԳ նախարարին:




























