Վանաձորի քաղաքապետարանն անցնում է խնայողությունների եւ վարչարարությունների խիստ միջոցների, անգամ չեն բացառվում կրճատումները: Այս ամենի առիթ է հանդիսացել նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը, ինչպես նաեւ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, որոնք էլ ստիպում են վերանայել կառավարման մեթոդներն ու բյուջեի ծախսերի նկատմամբ մոտեցումները:
Վանաձորի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնին NEWS.am-ի Լոռիի թղթակցին հայտնել են, որ Վանաձորի քաղաքապետարանի բաժինների պետերի ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, նշելով, որ նախնական հաշվարկներով, միայն աշխատավարձի նվազագույն շեմի բարձրացման պարագայում, մինչեւ տարեվերջ քաղաքի բյուջեին անհրաժեշտ կլինի շուրջ 40 մլն դրամ, ու եթե, ըստ քաղաքապետի, այս ամենին էլ գումարվի քաղաքապետարանին ենթակա հիմնարկներում գազի եւ էլեկտրաէներգիայի սպառման դիմաց վճարումների ավելացումը, ապա իրապես Վանաձորի բյուջեին մեծ փորձություն է սպասում:
Քաղաքապետի հանձնարարությամբ բոլոր ենթակա կառույցները պարտավորված կլինեն անցնել խիստ խնայողությունների ռեժիմով աշխատելու, իսկ քաղաքապետարանում եւ նրա ենթակա հիմնարկներում անհրաժեշտ կլինի մեկ անգամ եւս վերանայել վարչարարությունը եւ բացահայտել թերբեռնվածությամբ աշխատող աշխատակիցներին, եւ չի բացառվում, որ անխուսափելի կլինեն նաեւ հաստիքային կրճատումները:





























