Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հերթական անգամ քննադատության  են ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը: Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարարը այցով գտնվում է Բաքվում:

«Եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը 20 տարում ոչինչ չկարողացավ անել, միջազգային հանրությունը պետք է իրեն հարց ուղղի՝ ինչու է ադրբեջանական հողերի 20 տոկոսը դեռ օկուպացված»,- Բաքվում կայացած ճեպազրույցում ասել է Ահմեդ Դավութօղլուն, գրում է ԱՊԱ-ն:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունները պետք է ակտիվ մասնակցեն գործընթացին. «Ինչպես հայտնի է, Թուրքիան եւս Մինսկի խմբի անդամ է եւ պատրաստ է աջակցել խաղաղ գործընթացին: Կարեւոր է, որ հակամարտությունը շուտափույթ կարգավորվի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»: Դժվար չէ կռահել, թե ինչպիսին է լինելու «գործընթացին աջակցելը»:

 «Ավագ եղբորը» միացել է Էլմար Մամեդյարովը՝ հայտարարելով, որ «Ադրբեջանը դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից, քանի որ մեր հողերն առայսօր օկուպացված են»: «Մենք շատ ուրախ կլինեինք, եթե անցած ժամանակահատվածում այդ երկրների միջնորդությամբ որեւէ առաջխաղացում դիտվեր: Բայց մենք ոչ մի առաջընթաց չենք տեսնում ու բնականաբար դժգոհ ենք համանախագահներից», -  ասել է նախարարը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորման գործում  Իրանի միջնորդությանը, Էլմար Մամեդյարովը նշել է, որ կարգավորման մասին ցանկացած երկրից ստացվող առաջարկներն ընդունելի են: