Հայ-վրացական հարաբերությունները Վրաստանի կառավարության համար առաջնային են եւ կարեւոր նշանակություն ունեն տարածաշրջանային անվտանգության ապահովման համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան՝ Թբիլիսիում իր հայ գործընկեր Սեյրան Օհանյանի հետ հանդիպման արդյունքում:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ՊՆ-ին՝ մեր հրավերն ընդունելու համար: Ցանկանում եմ հատկապես ընդգծել այն պատմական, բարեկամական եւ եղբայրական հարաբերությունները, որոնք կապում են հայ եւ վրացի ժողովուրդներին: Այսօրվա հանդիպման ընթացքում քննարկել ենք երկկողմ համագործակցությունը եւ պայմանավորվել ենք, որ այն կընթանա ըստ ծրագրի, որն ընդունել ենք 2013թ: Խոսել ենք նաեւ այն առաջնահերթությունների մասին, որոնք կնշանավորվեն մեր երկրներում 2014թ: Ցանկանում եմ հատկապես շեշտել, որ հայ-վրացական հարաբերությունները մեր կառավարության համար առաջնային են: Դրանք կարեւոր դեր են խաղում նաեւ տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում»,-հայտարարել է Իրակլի Ալասանիան, փոխանցում է «Գրուզիա Online»-ը:
Բարձրաստիճան հյուրի ընդունելության հանդիսավոր արարողությունը կայացել է Վրաստանի ՊՆ բակում: Պաշտոնական արարողությունից հետո, կայացել է երկու երկրների պաշտպանության նախարարների առանձնազրույցը: Ծրագրվում է նաեւ ընլայնված կազմերով հանդիպում:
Պաշտոնական այցի շրջանակներում Սեյրան Օհանյանը կհանդիպի Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի եւ խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլիի հետ:





























