Երեւանի 2013թ. զարգացման ծրագրերի համաձայն՝ մայրաքաղաքի լուսավոր փողոցների  ցանկը կհամալրվի եւս 14-ով: Այս մասին նշվել է այսօր՝ հուլիսի 17-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ տարեսկզբից մեկնարկած ծրագրի շրջանակում  9 փողոցներում արդեն ավարտվել է արտաքին լուսավորության համակարգի արդիականացման ու լուսավորությամբ ապահովելու գործընթացը, եւս 5-ում՝ աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են:  

Մայրաքաղաքի բակերի բարեկարգման ծրագրի շրջանակում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, զուգահեռ նաեւ արտաքին լուսավորության համակարգերի արդիականացման աշխատանքներ են իրականացվում: Զարգացման տարեկան ծրագրից զատ, լրացուցիչ ծրագրով եւս 27 բակային տարածքներ են ապահովվել արտաքին  լուսավորությամբ: Նույն ծրագրերով լրացուցիչ լուսավորվել է նաեւ  երկրորդական 6 փողոց:

Երեւանի արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման ծրագրի շրջանակում այս տարի նորովի մոտեցում կցուցաբերվի Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ուղղաձիգ արագընթաց ավտոմայրուղու լուսավորման հարցում: Նոր ավտոճանապարհը կլուսավորվի LED տեսակի լուսադիոդային լուսատուներով, որոնք ապահովում են ինչպես անհրաժեշտ նորմերին համապատասխանող լուսավորություն, այնպես էլ էլեկտրաէներգիայի եւ շահագործման ծախսերի խնայողության հնարավորություն են տալիս: