Վրաստանի եւ Հայաստանի սահմանի «Սադախլո» անցակետում, հուլիսի 13-16-ին, Վրաստանի մաքսային բաժնի աշխատակիցները չհայտարարագրված ոսկյա իրերի տեղափոխման փորձի երկու դեպք են արձանագրել:

Մասնավորապես, Հայաստանի քաղաքացի Սոնյա Ա.-ի մոտ ոսկյա երեք մատանի է հայտնաբերվել, հինգ թեւնոց, 8 շղթա, մեկ կախազարդ, չորս խաչ եւ 2 զույգ  ականջօղեր՝ ընդհանուր 230,9 գրամ քաշով: Դրանց արժեքը  9 282,6 լարի է (ավելի քան 5000 դոլար), հայտնում է «Գռուզիա Online»-ը:

Ոսկյա իրեր անցկացնելու փորձ է կատարել նաեւ Վրաստանի քաղաքացի Նարինե Մ.-ն: Նրա մոտ ոսկյա 9 մատանի, 8 զույգ ականջօղ, եւ հինգ խաչ է հայտնաբերվել՝ ընդհանուր 84 գրամ քաշով: Ապրանքի արժեքը կազմել է 3 365,26 լարի (2000 դոլար):

Սոնյա Ա.-ն տուգանվել է 9 282,6, Նարինե Մ.-ն՝ 3 365,26 լարիով: