Տավուշի մարզի Բաղանիս գյուղի տարածքում, հուլիսի 16-ին եւ 17-ին, գիշերը ահմանի վրա կրկին կրակոցներ են հնչել: Այս տեղեկությունը NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը՝ նշելով, որ կրակոցները եղել են ոչ թե գյուղի, այլ սահմանի ուղղությամբ:
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակից եւ անվտանգության նկատառումներից ելնելով՝ փակվել է Երեւան-Թիֆլիս ավտոճանապարհի Նոյեմբերյանի եւ Բաղանիսի հատվածը, եւ երթեւեկությունը կազմակերպվել է պահեստային ճանապարհով:
Գյուղապետի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ճանապարհը բացվել է եւ վարորդները շարունակել են երթեւեկել ոչ թե պահեստային, այլ միջպետական ճանապարհով: «Գյուղի վրա չեն կրակել, սահմանին են կրակել, Նոյեմբերյանի ոստիկանությունը հսկողություն ա սահմանել, խնդիրներ չեն առաջացել, գյուղում ամեն ինչ նորմալ է, մենք սովորել ենք կրակոցներին, ոչ վախենում ենք, ոչ էլ`խուճապի մատնվում»,-ասաց նա:





























