Բնապահպանական գործընթացները Հայաստանում եւ միջազգային ասպարեզում տարբեր մակարդակներով են ընթանում։ Մարտի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը։ Բնապահպանը օրերս մասնակցել է Ինդոնեզիայում կայացած ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի UNET կառավարման խորհրդի տարեկան խորհրդաժողովին։ «Մեկ մոլորակ. մեր պատասխանատվությունը» խորագրով խորհրդաժողովի ընթացքում ներկայացվել է տարբեր երկրներում եղած բնապահպանական խնդիրները եւ այդ ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաեւ մոլորակի ընդհանուր իրավիճակը։ Հայաստանը խորհրդաժողովին ներկայացրել է բնապահպանության նախարարությունը՝ համապատասխան զեկույցով։
Դանիելյանը նշեց, որ Հայաստանի իշխանություններն ավելի ակտիվ պետք է լինեն։ ՄԱԿ-ի քարտուղարությունը բազմաթիվ անգամ դիմել է Հայաստանի իշխանություններին՝ տարբեր հարցումներով, սակայն մեկ տարի շարունակ ոչ մի պատասխան չի ստացել։
Բնապահպանն անդրադարձավ նաեւ Երեւանի էկոլոգիական վիճակին եւ նշեց, որ այն շատ ծանր վիճակում է , եւ Հայաստանն ընդհանրապես վերածվել է «թափոններով եւ պոչամբարներով ծածկված տարածքի»։


























