Անընդունելի էր Հրաչյա Հարությունյանին խալաթով դատարան բերելը, նրան այժմ ոչ միայն պաշտպանություն է անհրաժեշտ, այլեւ բարոյահոգեբանական աջակցություն։ Այս մասին այսօր՝  հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռուբեն Բալոյանը։

«Չեմ կարծում, որ այդ աջակցությունը նա կստանա ռուս պաշտպաններից, պարտադիր գոնե մեկ-երկու պաշտպաններ պետք է ուղարկվեն Հարությունյանին պաշտպանելու համար։ Պատրաստ եմ գնալ Մոսկվա եւ պաշտպանել մեր հայրենակցին»,- ասաց նա՝ հավելելով, որ հայ պաշտպաններին ներգրավելու երկու ճանապարհ կա՝ կամ Փաստաբանների պալատը պետք է գործուղի, կամ Հարությունյանի հարազատները պետք է դիմեն իրենց, որ մեկնեն։

Նա շեշտեց, որ ինքը Հրաչյա Հարությունյանին պաշտպանելու համար գումար չի պահանջում, որեւէ վարձատրություն իրեն պետք չէ, պարզապես Ռուսաստանում պաշտպանություն իրականացնելու համար միջոցներ են պետք։ Նա ասաց, որ բազմաթիվ արձագանքներ է ստացել թե Հայաստանից, թե արտերկրից, ովքեր աջակցելու պատրաստակամություն են հայտնել, հաշվեհամար են խնդրել, սակայն քանի դեռ ոչինչ որոշված չէ, ինքը որեւէ մեկին հաշվեհամար չի տվել։

Ռուբեն Բալոյանը շեշտեց, որ հայ վարորդը Ռուսաստանում հայտնվել էր բավական ծանր կացության մեջ, նրան խալաթով դատարան բերելով՝ Ռուսաստանի իրավապահ մարմինները որոշակի վերաբերմունք են ցուցաբերում։ Փաստաբանը նաեւ նկատում է, որ մինչեւ խաչմերուկ մուտք գործելը հայ վարորդի վարած «Կամազի» արգելակները խափանվել են, ու եթե Հրաչյա Հարությունյանը չշրջեր մեքենան, եւ «Կամազը» ճակատ ճակատ բախվեր ավտոբուսին, ապա զոհերի քանակը ավելին կլիներ։ Նա շեշտեց, որ տվյալ իրավիճակում մեր հայրենակիցը, չմտածելով, որ ինքը կարող է դառնալ զոհերից մեկը, այդ քայլին գնաց, ինչը խրախուսելի է։ «Նշված դեպքում պետք է պատասխանատվության ենթարկվի նաեւ այն անձը, ով պատասխանատու է նշված տրանսպորտային միջոցը շահագործման թույլ տալու համար։  Ավտովթարի գործը անզգույշ հանցագործությունների շարքին է դասվում, մեր հայրենակիցը գտնվում է  կալանքի տակ, նրան մեղադրանք է առաջադրվել, մինչդեռ ավտովթարների գործերով անձը կալանովորվում է, երբ ապացուցվում է նրա մեղքը։ Ներկա պահին նրա մեղքը ապացուցված չէ, երբ կատարվեր փորձաքննություններ, կլինեի եզրակացությունները, որով կապացուցվեր, որ վարորդը կարող էր հայտնաբերել անսարքությունները եւ դրանք վերացնել, այդ ժամանակ կարող էին կալանավորել»,- ասաց փաստաբանը՝ համոզմունք հայտնելով, որ Հրաչյա Հարությունյանին հանձնեն ՀՀ-ին հետագա պատիժը կրելու համար։

Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով:

Հարությունյանը Բոտկինսկի հիվանդանոցում էր, սակայն հետաքննության պահանջով՝ բժիշկները նրան դուրս են բերել դեղորայքային քնից: Նրան առանց սափրվելու, հողաթափերով եւ կանացի խալաթով դատարան են բերել: Այդ փաստը հարուցել էր հայ հասարակության բուռն դժգոհությունը, եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիաներ են կազմակերպվել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am