Հրաչյա Հարությունյանը հանցագործ չէ, Ռուսաստանը պետք է արդարացի լինի նրա նկատմամբ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» նախագահ Ստեփան Գրիգորյանը։
Նա նախ ցավակցեց այն մարդկանց հարազատներին, որոնք զոհվել են այն ավտովթարներից, երբ վարորդները ալկոհոլ էին օգտագործած, այնուհետեւ ցավակցեց վերջին վթարի հետեւանքով մահացած 18 անձանց ընտանիքներին։
Նա շեշտեց, որ Հրաչյա Հարությունյանի հետ հայ պաշտոնյաների հանդիպումների մակարդակը պետք է փոխվի, նրան պետք է այցելի դեսպանը, հանդիպում պետք է լինի փոխարտգործնախարարի մակարդակով։ Քաղաքագետը շեշտեց, որ պետք է նաեւ սկսել էքստրադիցիայի պրոցեսը եւ մինչեւ դատը Հրաչյա Հարությունյանի ՀՀ վերադարձի հարցը լուծվի։ «Ռուսաստանը ակնհայտորեն քաղաքականացնում է այս հարցը, սպասել, որ կլինի օբյեկտիվ դատավարություն, մենք այդքան միամիտ չենք։ Հրաչյա Հարությունյանին պետք է վերադարձնենք, եթե մեղավոր է, թող դատեն, բայց ինչի՞ այսպես նսեմացուցիչ վերաբերմունք, չէ՞ որ կա անմեղության կանխավարկած»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։ Քաղաքագետը հարց հնչեցրեց նաեւ, թե ավտոբուսի վարորդը ի՞նչ վիճակում էր, խմա՞ծ էր, թե՞ ոչ, քանի որ «Կամազը» գալիս է իր վրա,ինքը ոչինչ չի ձեռնարկում։
Դիմելով ռուս լրագրողներին, ովքեր Հրաչյա Հարությունյանի մասին ասել էին «мычать»՝ «բառաչել» ինչպես օրինակ՝ «Վեստիի» թղթակից Օլգա Սկաբեեւան, քաղաքագետը առաջարկում է զբոսնել Մոսկվայով եւ փողոցներում հարբած, ընկած քաղաքացիներին մոտենալ, փորձել իրենց օգնություն ցուցաբերել եւ կտեսնեն, թե ինչ է նշանակում «мычать»։
Նա անթույլատրելի է համարում ռուսական լրատվամիջոցների վերաբերմունքը, երբ անընդհատ շեշտում են՝ հայ վարորդը, եւ առաջարկում է ցույց տալ գոնե մեկ օրինակ, երբ հարբած վարորդը մահվան ելքով վրաերթի հեղինակ է եղել ու նրա նկատմամբ այդպես խիստ են եղել։ Նա կարծիք հայտնեց, որ այս դեպքով Ռուսաստանը փորձեց միգրանտների դեմ ալիք բարձրացնել, որ հետո ինչ-որ հարցեր լուծի։
Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով:
Հարությունյանը Բոտկինսկի հիվանդանոցում էր, սակայն հետաքննության պահանջով՝ բժիշկները նրան դուրս են բերել դեղորայքային քնից: Նրան առանց սափրվելու, հողաթափերով եւ կանացի խալաթով դատարան են բերել: Այդ փաստը հարուցել էր հայ հասարակության բուռն դժգոհությունը, եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիաներ են կազմակերպվել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























