«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը չի պատրաստվում համագործակցել Հայ ազգային կոնգրեսի հետ գազի սակագնի բողոքարկման հարցում: Այս մասին մարտի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է կազմակերպության ղեկավար Աբգար Եղոյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը հայց է պատրաստում դատարան դիմելու համար եւ այդ նպատակով դիմել է հասարակությանը, որպեսզի դատական հայտ ներկայացնելու ցանկություն ունեցող քաղաքացիները միանան իրենց նախաձեռնությանը:
Եղոյանն ասել է, որ իրենք աշխատում են հեռու մնալ քաղաքական կուսակցություններից, նաեւ այդ հարցով ՀԱԿ-ն իրենց չի դիմել: Փոխարենը իրենց կազմակերպությունը գազի թանկացման հարցը կարգավորելու համար օրենսդրական փոփոխությունների առաջարկով է հանդես եկել: Ըստ այդմ, անապահով խավի համար գազի գինը պետք է սուբսիդավորվի մենաշնորհային և գերշահույթ ստացող կազմակերպությունների հաշվին: Այդ առաջարկությունները «Սպառողների իրավունքների պաշտպանություն» կազմակերպությունը ներկայացրել է նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:




























