Ոստիկանության Թումանյանի  բաժնում հուլիսի 6-ին, ժամը 20.30-ին  հաղորդում էր  ստացվել, որ  «գանգի աջ քունքային շրջանի կոտրվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել  1989 թ. ծնված Գարիկ Հակոբյանը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խմբին Գարիկ  Հակոբյանի ընկերը` 1985 թ. ծնված  Վարուժան Մ.-ն, բացատրություն էր տվել, որ նշված օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Գարիկ  Հակոբյանն իր տան տանիքում տեղադրված ալեհավաքը կարգավորելիս անզգուշաբար վայր է ընկել մոտ 2 մ բարձրությունից և ստացել  վնասվածք:

Հուլիսի 12-ին հիվանդանոցում Գարիկ  Հակոբյանը   մահացել է:

Գարիկ  Հակոբյանի մահվան վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 6-ին Գ.  Հակոբյանը, Վարուժան Մ.-ն և 1971 թ. ծնված Արայիկ Մ.-ն գնացել են Գուգարքի տարածաշրջանի «Հայանտառ» ՊՈԱԿ Եղեգնուտի անտառտնտեսության «Վահագնի» անտառպետության թիվ 3 պահաբաժին, որտեղ Վարուժան Մ.-ն բենզասղոցով հատել և մանրացրել է կաղնի տեսակի ծառ, որից հետո մանրացված փայտանյութը թեք լանջով տեղափոխելու ժամանակ Գարիկ  Հակոբյանը փայտանյութի հետ գլորվել է, գլխով հարվածել քարերին և ստացել վնասվածք:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն: