Երեւանյան տրանսպորտի ուղեվարձը հուլիսի 20-ից կթանկանա 50 դրամով եւ կկազմի 150 դրամ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետարանի վարչակազմի տրանսպորտի վարչության ղեկավար Հենրիկ Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ տրոլեյբուսում երթեւեկելը կարժենա 100 դրամ՝ ներկայիս 50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներում կամ միկրոավտոբուսներում երթեւեկելը՝ 150 դրամ՝ ներկայիս 100-ի փոխարեն: Չի փոխվի միայն մետրոյի ուղեվարձի գինը:

Նրա խոսքով՝ չնայած որ տնտեսվարող սուբյեկտները առաջարկել են ուղեվարձը հասցնել 170-200 դրամի՝ կախված ուղղությունից, սակայն քաղաքապետարանը նպատակահարմար է գտել սահմանել 150 դրամը միկրոավտոբուսներով եւ ավտոբուսներով երթեւեկելիս:

Բացի այդ, քաղաքային իշխանությունները խոստանում են, որ գների բարձրացումը կապահովի ուղեւորափոխադրման որակի եւ պայմանների բարելավում: Բացի այդ, տնտեսվարող սուբյեկտները աստիճանաբար կսկսեն միկրոավտոբուսները փոխարինել ավտոբուսներով:

Նավասարդյանն ընդգծել է, որ միկրոավտոբուսում 1 ուղեւորի երթեւեկը  կազմում է 144,8 դրամ: