Հայաստանի կառավարությունն այսօր՝ հուլիսի 18-ի նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ. գերակա խնդիրներն ու միջոցառումների ծրագիրը»: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Վաչե Գաբրիելյանի տեղեկացմամբ՝ դրանցում կատարվել են որոշ փոփոխություններ:

Մասնավորապես՝ միջոցառումների ծրագրում ավելացվել է կետ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների օրենսդրության բարելավման ուղղությամբ: Կհաստատվի նաեւ սոցիալական բնակարանային ֆոնդի ռազմավարական ծրագիրը:

Գերակա խնդիրներից հանվել է 4 կետ: Էներգետիկայի ոլորտում հանվել է նոր միջուկային էներգաբլոկի կառուցման առաջին փուլի նախագծային աշխատանքների մասին կետը, իսկ տրանսպորտի բնագավառում՝ ճանապարհների սպասարկման բարելավման ներդրումային ծրագրին վերաբերող կետը: ՀՀ ֆինանսների նախարարության աշխատավարձի վարձատրության բարեփոխման մասին կետը ներառվել է աշխատանքի վարձատրության արդի համակարգի մասին հայեցակարգում: