Չեխ լրագրողուհի Դանա Մազալովան, որն անձամբ է ներկա եղել 1992 թ. Խոջալուի դեպքերին եւ լուսաբանել դրանք, այսօր հայ լրագրողներին պատմել է այդ իրադարձությունների հետ կապված ողջ ճշմարտությունը։

Նա, մասնավորապես, ընդգծել է, որ Ադրբեջանը խեղաթյուրում է Խոջալուի դեպքերի հետ կապված փաստերը եւ միջազգային հանրությանը ներկայացնում է սուտ ֆոտո եւ վիդեո խրոնիկա։ Լրագրողն անթույլատրելի է համարել այն փաստը, որ Ադրբեջանը փորձում է քաղաքական դիվիդենտներ շահել դիակների հաշվին՝ խաբելով միջազգային հանրությանը։ Նրան բարկացրել է նաեւ այն փաստը, որ ադրբեջանցիները փորձում են իրենց ստերի մեջ ներքաշել նաեւ չեխ ժողովրդին։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Խոջալուի դեպքերի նախօրեին ադրբեջանցիների կողմից չեխական Լետիցա գյուղում գտնվող ֆաշիզմի զոհերի հուշակոթողի մոտ կազմակերպված ակցիային։

«Ինձ վիրավորում է այն փաստը, որ նրանք փորձում են զուգահեռներ անցկացնել Երկրորդ Համաշխարհային պատեազմի տարիներին Չեխիայում տեղի ունեցած դեպքերի եւ Խոջալուի իրադարձությունների միջեւ»։

Նա ականատեսի աչքերով պատմել է. «Դիակներն առաջին օրն այլանդակված չէին, եւ բոլոր մահացածները հագուստներով էին։ Այդ դիակներն այլանդակվել են հետո»։ Նա նաեւ պատմել է Խոջալուում տեղի ունեցած այլ գազանությունների մասին։ Նրա խոսքով, սկզբում կրակել են մարդկանց ոտքերին, որպեսզի նրանք չկարողանան փախչել, հետո կացիններով սպանել են նրանց՝ հանելով նրանց գանգամաշկը։ Նա նաեւ հայտնել է, որ ադրբեջանական կողմից Խոջալուի դեպքերը լուսաբանել է միայն Չինգիզ Մուստաֆաեւը, ով մի քանի ամիս անց մահացել է խորհրդավոր հանգամանքներում։ Լրագրողն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից այսօր ցուցադրվող կադրերը Մուստաֆաեւի նկարահանածները չեն։

Դանա Մազալովան հարցազրույց է վերցրել Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովից, որը հայտարարել է, թե, Խոջոլուի բնակիչների խոսքով, այդ դեպքերը կազմակերպված են եղել որոշ ուժերի կողմից։ Մութալիբովի պնդմամբ, Խոջալուի ջարդերը կազմակերպվել են ադրբեջանական ընդդիմության կողմից։

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության կենտրոնի ղեկավար Արա Սաղաթելյանն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանը Խոջալուի մասին խոսում է՝ նպատակ ունենալով միջազգային հանրության ուշադրությունը շեղել Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի եւ Մարաղայի հայ ազգաբնակչության կոտորածներից։ Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 10-ին հիշում են Մարաղայի կոտորածի զոհերին։ Արա Սաղաթելյանը նաեւ հայտնել է, որ ապրիլին սումգայիթյան ջարդերի մասին ֆիլմ է ներկայացվելու, որում ցուցադրվելու են ռուս մասնագետների կողմից նկարահանված եզակի կադրեր։