Ի՞նչը կարող էր լինել հուլիսի 13-ին, «Նոր Մոսկվայում» տեղի ունեցած սարսափելի վթարի պատճառը, ովքե՞ր են հավանական մեղավորները եւ ինչ է անհրաժեշտ վթարի ամբողջական պատկերը պարզելու համար: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք Փաստաբանական պալատի անդամ, Փաստաբանական դպրոցի տնօրեն, ավտոտեխնիկական փորձագետների միջազգային ասոցիացիայի անդամ, ավտոտեխնիկական փորձաքննությունների միջազգային փորձագետ Նիկոլայ Բաղդասարյանի հետ:
Նա նշեց, որ ուսումնասիրելով կադրերը` երեւում է, որ ավտոբուսը երկու մասի բաժանած բեռնատարի վարորդ 46-ամյա Հրաչյա Հարությունյանը ավտոմեքենան դուրս է բերում հանդիպակաց ուղեմաս բավականին մեծ արագությամբ, այնուհետեւ ղեկը ձախ է թեքվում, կառավարումը կորցնում է եւ անցնում է գլխավոր պողոտայով դեպի ավտոբուսը:
Փորձագետի խոսքով` վթարի հավանական պատճառ կարող է լինել երկու հանգամանք: Առաջին վարկածի համաձայն` վթարի պատճառը ավտոմեքենայի անսարքությունն է, բայց այստեղ եւս տարբերակում ենք երկու խնդիր` դա հանկարծակի առաջացած անսարքության է, թե այդ անսարքությունը կարող էին հայտնաբերել վարորդը եւ այն անձը, որը վստահել է մեքենան: Վթարի հավանական պատճառների մասին երկրորդ վարկածն այն է, որ վարորդը մեքենան վարել է մեծ արագությամբ, չի կարողացել արգելակել, ավտոմեքենան դուրս է հանել, որպեսզի խուսափի վթարից, բայց ավտոմեքենայի կառավարումը կորցրել է եւ անկախ վարորդից` մեքենան շուռ է եկել եւ տեղի է ունեցել բախում գլխավոր պողոտայում: Իսկ թե հայ վարորդը ինչ արագությամբ է վարել մեքենան, դա հաշվարկելը, փորձագետի խոսքով, դժվար չէ, կան տեսանկարահանումներ, կարելի է այդ ամենը տեղադրել ծրագրի մեջ եւ որոշել արագությունը: Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով` առանց մեքենան զննելու հնարավոր չէ գուշակել` արագությունը պայմանավորված է արգելակման բացակայությամբ, թե վարորդի սխալ գործողությամբ:
Փաստաբանը շեշտեց, որ այս երկու վարկածների ճշմարտացիությունը պարզելու համար պետք է կատարվի համապատասխան տեխնիկական փորձաքննություն, մենք ունենք անհրաժեշտ տեխնիկա, եվրոպական ստանդարտներին համապատասխան հնարավորություն, եւ եթե պետությունը աջակցի, ապա ավտոտեխնիկական փորձաքննության երկու հայ փորձագետները կարող են մեկնել Ռուսաստան, կատարել այդ փորձաքննությունը եւ ներկայացնել իրականությունը, թե ինչն է եղել այդ վթարի պատճառը: «Եթե մեր կառավարությունը կամ հանրապետության նախագահը աջակցի ֆինանսապես եւ օգտագործելով պետական լծակները, մենք պատրաստ ենք մեկնել Ռուսաստան` օգտագործելով եվրոպական երկրներում առաջադեմ տեխնիկական միջոցները, կատարենք փորձաքննություն եւ եզրակացություն տանք վթարի պատճառների մասին»,- ասաց փաստաբանը` հավելելով, որ եթե իրենց տրամադրեն լուսանկարները, դեպքի վայրը, կորոշեն նաեւ` վարորդը բախման հետեւանքով է դուրս թռել մեքենայից, թե այլ պատճառով:
Ելնելով պատճառից` վթարի մեղավոր կարող են լինել վարորդը, վարորդը եւ մեքենայի սեփականատերը, կարող է ոչ-ոք մեղավոր չլինել, իսկ վթարի պատճառը լինի մեքենայի հանկարծակի առաջացած անսարքությունը: Նիկոլա Բաղդասարյանի խոսքով` վթարի մեղավորների մասին եւս ոչինչ հստակ չեն կարող ասել, մինչեւ չլինեն փորձաքննության պատասխանները: «Ամեն ինչի պատասխանը տալու համար պետք է կատարվի օբյեկտիվ քննություն, եւ որպես այս պետության քաղաքացի պատրաստ եմ իմ ներուժը դնել, բայց անհրաժեշտ է նաեւ պետության ղեկավարության աջակցություն, կուզենայի, որ պետության ղեկավարությունը ոչ թե հայտարարություններով հանդես գար, այլ կոնկրետ գործեր անեն: Կան մասնագետներ, որոնք կարող են օբյեկտիվ փորձաքննություն անել եւ պատասխանել հարցերի, կարող ենք մենք մեկնել այնտեղ, կատարենք փորձաքննություն, ասենք, թե ինչ է տեղի ունեցել, ոչ թե անցել է մի քանի օր, ենթադրում ենք, նամակներ ենք գրում, հայտարարություններով ենք հանդես գալիս, բայց ոչ մեկ կոնկրետ քայլ չի կատարում, քայլ կատարող չեմ տեսնում»,- շեշտեց փորձագետը:
Փորձագետն ասաց, որ 70/30 տոկոս հավանականությամբ ավտոմեքենայի արգելակները վնասված են եղել, եւ իր մոտ տպավորություն է ստեղծվում, որ ավտոմեքենան արագությունն ինքն է հավաքում, վարորդը արագություն չի հաղորդում:
«70 տոկոսով հավանական է, որ վարորդի գործողությամբ չի պայմանավորված եղել մեքենայի հետագա շարժումները, շուռ գալը: Ինքը բավականին մեծ տարածություն ունի, որ արգելակի, բայց չի արգելակում, ընդհակառակը` մեքենա ավելի արագ է շարժվում: Խնդիրն այն է, որ մեքենան երբ բեռնված է, կորցնում է կենտրոնաձիգ ուժը եւ բեռը տեղափոխվում է դեպի ձախ ու շուռ է գալիս, ինքը պետք է շատ դանդաղ գնա, որ կենտրոնաձիգ ուժը չխախտվի, քանի որ հակառակ դեպքում բեռը տեղափոխվում է դեպի ձախ ու ավտոմեքենան անկախ իր կամքից շուռ է գալիս: Հնարավոր է նաեւ անձը մինչ այդ մեքենան վարել է շատ արագ, չի կարողացել կանխի, կորցրել է կառավարումը, դրա համար պետք է տան դեպքի վայրը, լուսանկարները, մեքենաները»,- ասաց նա` հավելելով, որ ավտոբուսի վարորդի մեղավորությունը հարցը չկա, ինքը ի վիճակի չի եղել միջոցներ ձեռնարկել, քանի որ շատ կարճ ժամանակում է եղել դեպքը:
Ինչ վերաբերում է Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցին` կալանքին, ապա Նիկոլայ Բաղդասարյանը շեշտեց, որ երբ պարզ չէ, թե ավտոմեքենայի անսարքության հետեւանքով է վթարը առաջացել, թե՝ ոչ, ապա նրան կալանքի տակ վերցնելն անօրինական է: «Իրենք գոնե պետք է հրավիրեին մասնագետ, որ ավտոմեքենան զններ մասնագետի ներկայությամբ, եւ եթե բացառվեր ավտոմեքենայի անսարքությունը, ապա վարորդի մեղավորությունը միանշանակ առկա է: Մնում է տեխնիկական տեսանկյունից որոշել, թե ճանապարհատրանսպորտային կանոնների ո՞ր կետն է խախտել: Բայց եթե իրենք չեն զննել մեքենան, չեն ասել ավտոմեքենայի անսարքությունը կա, թե ոչ, իսկ դա երեւում է իր փաստաբանի ներկայացրած զեկույցից, որ այդ գործողությունը չեն կատարել, հետեւաբար իր կալանավորումը անօրինական է»,- ասաց փորձագետը:
Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ իրավական առումով հնարավոր չէ Հրաչյա Հարությունյանին բերել այստեղ եւ Հայաստանում իրականացրել արդարադատություն, քանի որ վթարը եղել է Ռուսաստանում, վկաները Ռուսաստանում են: «Քննությունը կատարել Հայաստանում միայն այն հիմքով, որ մեղադրյալը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, ոչ միջազգային պայմանագրերով, ոչ է ներպետական օրենսդրությամբ, նախատեսված չէ»,- ասաց նա:
Նա նաեւ տեղեկացրեց, որ մի խումբ իրավաբաններ նամակ են ուղարկել Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների պաշտպանին, որտեղ նշում են, որ Հրաչյա Հարությունյանի դեպքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածն է խախտվել, ինչպես նաեւ կիրառվել է խտրականություն` պայմանավորված այն հանգամանքով, որ անձը չի հանդիսանում ՌԴ քաղաքացի` նկատի ունենալով նրան կանացի խալաթով դատարան տանելը, կալանքից առաջ մետաղյա ճաղերի հետեւից նկարահանելը, նրա հետ քննչական գործողություններ կատարելը, երբ ակնհայտ էր, որ անձը գտնվում է հոգեբանական ճնշման տակ:
«Եթե իրենք արձանագրեն մարդու իրավունքների խախտում, համապատասխան հետեւանք կառաջանա, կդիմենք դատարան, եթե իրենք չարձանագրեն մարդու իրավունքների խախտում, մենք էլի կդիմենք դատարան եւ պատրաստ ենք վիճարկել մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով:
Հարությունյանը Բոտկինսկի հիվանդանոցում էր, սակայն հետաքննության պահանջով՝ բժիշկները նրան դուրս են բերել դեղորայքային քնից: Նրան առանց սափրվելու, հողաթափերով եւ կանացի խալաթով դատարան են բերել: Այդ փաստը հարուցել էր հայ հասարակության բուռն դժգոհությունը, եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիաներ են կազմակերպվել:
Ինգա Մարտինյան




























