Փարիզում Ելիսեյան պալատում ավարտվել է Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Նիկոլա Սարկոզիի հանդիպումը:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Փարիզից, մեկժամանոց հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, հայ-թուրքական հարաբերությունները, նաեւ տարածաշրջանային հարցեր: Հանդիպմանը հետեել է հանդիսավոր ընթրիք՝ ի պատիվ Սերժ Սարգսյանի:
Այս պահին Սերժ Սարգսյանն ուղեւորվել է Սենատ՝ հանդիպելու Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Նախատեսվում է նաեւ հանդիպում Ազգային Ժողովի նախագահ Բեռնար Ակոյեի հետ: Փարիզում Սերժ Սարգսյանը հանդիպելու է նաեւ հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչների հետ: Հայաստանի նախագահը հարցազրույց է տալու մի քանի օտարերկրյա ԶԼՄ-ների: Հայկական պատվիրակությունը մարտի 11-ին Փարիզից ժամանելու է Երեւան:
Նշենք, որ հայկական պատվիրակությունը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվում է Փարիզում: Հայաստանի նախագահի այցը, ի թիվս այլոց, լուսաբանում են նաեւ թուրքական ԶԼՄ-ները:




























