Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի պատրաստվում մեկնել Ֆրանսիա եւ բնակություն հաստատել Լիոն քաղաքում: NEWS.am-ի թղթակիցը զանգահարեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին` ճշտելու վերջինիս արտագաղթելու մասին լուրերը, ինչին նա այսպես արձագանքեց. «Բա քեզ ի՞նչը ստիպեց, որ էդքան մտահոգվեցիր իմ գնալ-չգնալով: Բոլոր ինձ ճանաչողները գիտեն, որ դա ճիշտ չէ, իրականությանը չի համապատասխանում»: Այլ հարցերի Սուրեն Խաչատրյանը հրաժարվեց պատասխանել:

Նշենք, որ «Իրավունք» թերթը՝ վկայակոչելով իր արժանահավատ աղբյուրները, տեղեկացրել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վերջին աղմկահարույց դեպքերից հետո որոշել է վերջնականապես լքել Հայաստանը։

«Ըստ նույն աղբյուրի՝ նա պատրաստվում է բնակություն հաստատել Ֆրանսիայի Լիոն քաղաքում, որտեղ սովորել է իր որդին։ Եվ ահա այս օրերին նա զբաղված է իր բիզնեսների կեսը Հայաստանից տեղափոխելով, ինչի համար օրերս կարճ ժամկետով մեկնել էր Ֆրանսիա, բայց արդեն երկու-երեք օր է, որ հասցրել է վերադառնալ։ Իսկ վերջնականապես մեկնել պատրաստվում է, հենց որ որդու՝ նույն աղմկահարույց գործով կալանավորված Տիգրանի հարցերը ինչ-որ հանգուցալուծում ստանան։

Թեեւ մեր այլ աղբյուրներ էլ վստահեցնում են, որ այս հարցում Ս. Խաչատրյանին չի հաջողվում որդուն պատժից առհասարակ ազատելը, եւ հիմա նա միայն փորձում է հասնել հնարավորինս քիչ պատժաժամկետի։ Եվ դրանով հանդերձ էլ՝ պարոն Խաչատրյանի մոտ մտավախություն կա, որ եթե անգամ իր ունեցած-չունեցած բիզնեսները հասցնի տեղափոխել արտերկիր, իսկ որդին մնա հայաստանյան բանտում, ապա չի ունենա այն բավարար երաշխիքները, որ եթե հանկարծ առաջանա, այսպես ասած, նրա ունեցվածքը վերաբաշխելու խնդիր, ապա կկարողանա դիմակայել դրան...»,- գրել է «Իրավունքը»: