Դիլիջանի Շամախյան թաղամասում, հուլիսի 17-ին, հորեղբոր որդուն հրազենային վնասվածք հասցրած քաղաքացին ներկայացել է ոստիկանություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 17-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից  ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ սրունքի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 32-ամյա Արթուր Դ.-ն:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.20-ի սահմաններում, Դիլիջանի Շամախյան թաղամասում` Մոլդովական շենքերի մոտակայքում, Արթուր Դ.-ին, դեռեւս չպարզված հրազենով,  վնասվածքը պատճառել է նրա հորեղբոր որդին` 32-ամյա Ժիրայր Դ.-ն:

Հուլիսի 18-ին, ժամը 09.30-ին, Ժիրայր Դ.-ն կամավոր ներկայացել է ոստիկանության Դիլիջանի բաժին եւ հայտնել, որ հուլիսի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած հրթիռանետ ատրճանակով, որը հարմարեցված է 12 տրամաչափի որսորդական փամփուշտներ կրակելու համար, դիտավորությամբ կրակել է հորեղբոր որդու ոտքին եւ պատճառել վնասվածք:

Միաժամանակ ներկայացրել է հանցագործության գործիք հրթիռանետ ատրճանակը:

Նախաքննությունը շարունակվում է: