Փոփոխությունները, որ նախատեսվում են Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերությունում, պայմանավորված են հանրության փոխվող պահանջներով ու նպատակներով, որոնց պիտի ծառայի Հանրային հեռուստառադիոընկերությունը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

Նա ընդգծել է, թե Հանրային հեռուստառադիոընկերությունը պետք է արտացոլի հանրության շահերն ու ակնկալիքները: Ըստ պատգամավորի՝ Հանրային հեռուստառադիոընկերությունը պետք է իր վրա դաստիարակչական եւ կրթական գործառույթ վերցնի, իրականացնի հայրենասիրական քարոզչություն:

Իր հերթին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը հայտարարել է, թե Հանրային հեռուստառադիոընկերության քաղաքականության եւ ռազմավարության մեջ որեւէ փոփոխություն չի լինի: «Եւ ընդհանրապես, ավազակապետության մեջ տեղի ունեցող որեւէ փոփոխություն մեզ չի հետաքրքրում»,- ասել է Մուսինյանը:

Նշենք, որ առաջիկա օրերին զգալի փոփոխություններ են սպասվում Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավարության կազմում: Դրա տնօրեն է նշանակվելու Արմեն Ամիրյանը: Հանրային հեռուստառադիոընկերության քաղաքական եւ լրատվական հաղորդումների բաժնի ղեկավար է դառնալու Սամվել Ֆարմանյանը, իսկ նրա փոխարեն Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու է Արմեն Արզումանյանը: