Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին հրավիրել է պետական այցով այցելել Հայաստան:
Նիկոլ Սարկոզին իր հերթին փոխադարձ հրավեր է արել Սերժ Սարգսյանին՝ Ֆրանսիա այցելել պետական այցով: Այդ մասին մարտի 10-ին Փարիզում լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ այցը կկայանա մոտակա ժամանակներս:
«Հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններ» բառերը պարզապես ձեւական ձեւակերպում չեն, դրանք իսկապես բարեկամական են",- ասել է Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերություններն ապրում են իրենց ոսկե շրջանը:
Նալբանդյանը նշել է նաեւ, որ այս օրերին Ֆրանսիայում գտնվող Հայաստանի նախագահն արդեն 3 անգամ է հանդիպում իր ֆրանսիացի գործընկերոջը, իսկ այսօր կայացած հանդիպումն անցել է շատ ջերմ եւ բարեկամական մթնոլորտում, ինչը բնորոշ է երկու երկրների հարաբերություններին եւ երկրների նախագահների միջեւ ստեղծված փոխվստահության մթնոլորտին:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային եւ միջազգային հարաբերություններին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել ղարաբաղյան կարգավորմանն ու հայ-թուրքական կարգավորման գործընթացին:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով գտնվում է Ֆրանսիայում: Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահի, Սենատի եւ Ազգային Ժողովի նախագահների հետ:




























