Երեւանում տաքսիով երթեւեկելու միջին գինը կարող է 1000 դրամից դառնալ 1200-1300 դրամ: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց տաքսիստների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գեւորգ Դոստուրյանը, հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումից հետո կարելի է վստահորեն ասել, որ տաքսու ուղեվարձը եւս կթանկանա: «Գազը թանկացել է հուլիսի 7-ից, բայց ոչ տաքսի ծառայությունները, ոչ մասնավոր տաքսիների վարորդները գները չեն բարձացրել, քանի դեռ չէր թանկացել տրանսպորտը: Հակառակ դեպքում՝ ոչ ոք տաքսի չէր նստի: Հիմա կարելի է սպասել, որ նստելավարձը 600 դրամից կդառնա 700-800 դրամ, իսկ մեկ կմ-ի արժեքը՝ 100-120 դրամ»,-հայտարարեց Դոստուրյանը:

Նշենք, որ ներկա սակագներով, Երեւանում միջին երթեւեկությունը (5-6 կմ) արժե 900-1000 դրամ: Թանկացումից հետո այդ թիվը կարող է աճել 200-300 դրամով:

Հիշեցնենք, որ այսօրվանից քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար վճարում են 100 դրամ՝ նախկինի  50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով  երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն: Քաղաքապետարանի այս որոշումը առաջացրել է ընդվզում, սոցիալական ցանցերում ձեւավորված մի շարք խմբեր, նախաձեռնություններ դեռ երեկվանից բողոքի ակցիաներ են անցկացրել Երեւանի քաղաքապետարանի մոտ, այնուհետեւ մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ են բաժանել «Չեմ վճարել 150 դրամ» գրությամբ: