Ինդոնեզիայում կողոպտիչը կերակրել է հանցագործության պահին լաց լինող երեխային: Ջակարտայում տեղի ունեցած այս միջադեպի մասին գրում է Metro-ն:
Ձերբակալությունից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հանցագործը պատմել է, որ իր հանցակիցների հետ միասին տուն են ներխուժել վաղ առավոտյան` թանկարժեք իրերը դուրս տանելու նպատակով: Տանտիրուհին աղմուկ է լսել արթնացել է եւ վախից ճչացել: Չարագործները կապել են կնոջն ու նրա երեխայի դայակին:
Աղմուկից արթնացել է նաեւ կնոջ սենյակում քնած երեխան ու լացել: Հանցագործը մորը հարցրել է, թե ինչ է պետք անել, որպեսզի նա հանգստանա: Վերջինս ասել է, որ պետք է երեխային կաթով կերակրել: Հանցագործը ձեռքն է վերցրել փոքրիկին, կերակրել եւ քնեցրել է նրան: Նա պատմել է, որ գիտի այդ ամենը, քանի որ ինքն էլ երեխա ունի, փոխանցում է Lenta.ru-ն:
Դրանից հետո չարագործները հեռացել են` տանելով թանկարժեք իրերը: Չի հաղորդվում, թե հանցագործներն ինչ հանգամանքներում են ձերբակալվել: Նրանց սպառնում է մինչեւ 10 տարի ազատազրկում:





























