Ռուսաստանը պատրաստ է միջնորդ հանդես գալ Իրանի և ԱՄՆ-ի միջև և ընդունել իրանական հարստացված ուրանը, եթե դա օգնի տարաձայնությունների կարգավորմանը, Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է կողմերի խնդրանքով միանալ միջնորդական ջանքերին և նպաստել Պարսից ծոցի շրջանում հետագա ռազմական սրացման կանխմանը։

Կրեմլի ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է իր տարածքում ընդունել իրանական հարստացված ուրանը, եթե այդ հարցը մնա Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների առանցքային խոչընդոտներից մեկը։

Նրա գնահատմամբ՝ իրանական թեման պարբերաբար քննարկվում է Մոսկվայի և Վաշինգտոնի շփումների ընթացքում։ Կողմերն այդ հարցի շուրջ կարծիքներ են փոխանակում։