Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլն օրենք է ստորագրել, որով անչափահասներին արգելվում է օգտվել արհեստական բանականությամբ (ԱԲ) այնպիսի չաթ-բոտերից, որոնք ներկայանում են որպես նրանց ընկեր կամ սիրեցյալ: Այս մասին նշված է նահանգապետի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Ոչ մի ընկերություն իրավունք չունի երեխաներին առաջարկել չաթ-բոտեր, որոնք դրդում են ինքնավնասման, ձևանում նրանց ընկերը կամ ավելին», — ընդգծել է Հոքուլը:
Նոր օրենքը ծրագրավորող ընկերություններին պարտավորեցնում է երեխաների համար արգելափակել ԱԲ այն գործառույթները, որոնք վնասակար են համարվում: Դրանց թվում են՝ կենդանի մարդ, մասնավորապես՝ անչափահասի ընկեր կամ զուգընկեր ձևանալը, երեխայի անձնական հարաբերությունների մասին տեղեկություններ հավաքելը, նրա առողջական վիճակի կամ անձնական տվյալների օգտագործումը, ինքնավնասման կամ ինքնասպանության հնարավոր հրահրումը, ինչպես նաև երեխաներին ինքնամփոփ դարձնելն ու ծնողներից, հարազատներից կամ մասնագետներից օգնություն խնդրելուց ետ պահելը: Արգելքի տակ է հայտնվում նաև սեռական բնույթի ցանկացած բովանդակություն:
Փաստաթղթի համաձայն՝ ընկերությունները պարտավոր են մի քանի եղանակով ստուգել օգտատերերի տարիքը, իսկ հաստատումից հետո անհապաղ հեռացնել այդ տվյալները: Խախտումների դեպքում նահանգի գլխավոր դատախազը կարող է պահանջել մինչև 25 հազար դոլարի չափով տուգանքի կիրառում:




























