Թուրքիայի Կապադովկիա շրջանում՝ Գյորեմեի բացօթյա թանգարանի մուտքի մոտ, ժայռային գոյացության փլուզման հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել։ Դեպքի պատճառ են դարձել հորդառատ անձրևներից հետո տեղի ունեցած սողանքն ու քարաթափումը, հայտնել է Նևշեհիրի նահանգապետ Հյուսեյն Քյոքը, հաղորդում է TGRT Haber հեռուստաալիքը։

Նահանգապետի պատմելով՝ փրկարարները հայտնաբերել են երկու զոհերի մարմինները։ Եվս մեկ տուժածի տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքի մասին ահազանգ ստանալուց հետո դեպքի վայր են ուղարկվել արտակարգ ծառայությունների բազմաթիվ խմբեր։

Փլուզված գոյացությունը Կապադովկիային բնորոշ ժայռային կազմավորումներից է, որոնք հայտնի են որպես «քարե սյուներ» կամ «կախարդական ծխնելույզներ»։ Դրանք ձևավորվել են հրաբխային ապարների դարավոր հողմահարման հետևանքով և դարձել տարածաշրջանի գլխավոր բնական տեսարժան վայրերից մեկը։ Տարածաշրջանն ամեն տարի զբոսաշրջիկներ են այցելում ամբողջ աշխարհից։

Ինչպես նշում է TGRT Haber-ը, նման դեպք Կապադովկիայում արդեն տեղի է ունեցել 2024 թվականին։ Այն ժամանակ ձյան տեղումներից հետո թուլացած տուֆե ժայռը գիշերը փլուզվել էր։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չէր տուժել, նյութական վնաս նույնպես չէր եղել։