Հարավային Կովկասի հակամարտությունների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը, Բաքու կատարած իր այցի շրջանակներում, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ քննարկել է ղարաբաղյան խնդիրը:

Ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԱԳՆ մամուլի ծառայությունը, հաղորդում են, որ Ֆիլիպ Լեֆորը նշել է, որ Եվրամիությունը շահագրգռված է Ադրբեջանում կայունության պահպանմամբ եւ մեծ նշանակություն է տալիս տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը:

Մամեդյարովը եվրոպացի դիվանագետին տեղեկացրել է ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցությունների վերջին փուլի եւ ընթացիկ վիճակի մասին, ինչպես նաեւ ներկայացրել հեռանկարների իր տեսլականը:

Կողմերը նաեւ քննարկել են տարածաշրջանի զարգացման այն հնարավորությունները, որոնք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների ճանապարհ են բացում:

Նույն օրը Ֆիլիպ Լեֆորին ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: Հանդիպմանը նրանք քննարկել են տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը եւ ԼՂ խնդիրը: