Օտարերկրյա ռազմական ուսումնական հաստատություններում ձեռք բերած գիտելիքները պետք է գործնականում ամրապնդվեն առօրյա մասնագիտական ծառայության  ընթացքում: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, Ռուսաստանի ռազմական ակադեմիաներում, ԱՄՆ-ի եւ Բալթյան քոլեջներում  ուսանած շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ուսման ավարտի կապակցությամբ իր եւ պաշտպանություն նախարարության ղեկավարության անունից սրտանց շնորհավորելով նրանց` Օհանյանը նշել է, որ ծառայողական առաջխաղացման համար պարտադիր նախապայման հանդիսացող լրացուցիչ կրթության եւ վերապատրաստման արդյունքում ազգային բանակը տարեցտարի համալրվում է ռազմավարական օպերատիվ-մարտավարական մակարդակի գիտելիքներ ստացած բանիմաց եւ իրենց վստահված գործին գիտակ տասնյակ սպաներով,  որը էապես բարձրացնում է մեր ԶՈւ մարտական պատրաստության աստիճանը:

 Ս. Օհանյանը շրջանավարտներին հորդորել է նաեւ ծառայողական առօրյայում առաջնորդվել լավատեսության սկզբունքով` մեր ԶՈւ-ի մարտունակությունը տարեցտարի միասնական ուժերով եւ եռանդով ամրապնդելու համար: