«Մահմեդական եղբայրների» եւ ոստիկանության միջեւ դաժան մարտեր են տեղի ունենում Կահիրեում։ Խռովությունների էպիկենտրոնը մայրաքաղաքի խտաբնակ Մադինաթ Նասր թաղամաս տանող մայրուղին է:
Այնտեղ տեղակայված «շարժական հիվանդանոցների» տեղեկությունների համաձայն` խռովությունների զոհ է դարձել արդեն 10 մարդ, 700-ն էլ վիրավորվել են: Նրանց մեծամասնությունը տուժել է արցունքաբեր գազից, որը ցուցարարների դեմ ստիպված են եղել կիրառել ուժայիններըԱռողջապահության նախարարության պաշտոնական տվյալներ դեռ չկան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մի քանի ժամ առաջ այնտեղ են ժամանել ոստիկանության եւ զրահատեխնիկայի լրացուցիչ ստորաբաժանումներ: Ուրբաթ Եգիպտոսի ներքին գործերի նախարար Մուհամեդ Իբրահիմը հայտնել էր, որ ««եղբայրների» ցույցերից ոչ մի օգուտ չկա, Եգիպտոսն այլեւս երբեք հետ չի դառնա»: Ըստ նրա` առաջիկայում ցույցերը կհանդարտվեն, եւ «դա կարվի օրենքի շրջանակում»:
Ավելի վաղ Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը «եղբայրների» կողմնակիցներին կոչ էր արել ցրվել՝ խոստանալով, որ «նրանց ոչ ոք չի հետապնդի»: Բացի դրանից, տեղի բնակիչները բազմիցս բողոքել են իշխանություններին նման «հարեւանության» համար եւ սկսել դատական հայցեր ներկայացնել իրենց թաղամասերում «բնակություն հաստատած» իսլամիստների դեմ:





























