Իսպանիայում վթարված գնացքի մեքենավար Խոսե Գարսոն Ամոն հրաժարվում է ցուցմունք տալուց։
Նա վնասվածքներ էր ստացել չորեքշաբթի տեղի ունեցած վթարի ժամանակ եւ գտնվում է հիվանդանոցում` ոստիկանության հսկողության տակ:
Նա կասկածվում է կտրուկ շրջադարձի ժամանակ գնացքի արագությունը գերազանցելու մեջ: Ըստ որոշ տվյալների` վթարի պահին գնացքը նախատեսվածից գրեթե կրկնակի արագ է շարժվել:
Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ վթարի մասին գործն այժմ փոխանցվելու է դատական մամիններին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գալիսիա նահանգի ոստիկանապետ Խայմե Իգլեսիասն ավելի վաղ հայտնել էր, որ մեքենավարին կհարցաքննեն որպես կասկածյալի: Գալիսիայի Գերագույն դատարանի ներկայացուցիչը հայտնել է, որ դեռեւս մեքենավարի՝ դատարան ներկայանալու ամսաթիվը չի նշանակվել:
Իսպանիայի ոստիկանությունը հայտնում է, որ պաշտոնապես ձերբակալել են Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքի մոտ վթարված գնացքի մեքենավարին:
Ռելսերից ընկել էին բոլոր ութ վագոնները, ինչի հետեւանքով զոհվել էր 78 մարդ, 160-ը վիրավոր են, նրանցից 32-ը ծանր վիճակում են: Ավելի վաղ հաղորդվել էր 80 զոհերի մասին, սակայն ոստիկանությունը ճշտել է այս տվյալները` նախկին թիվը մեկնաբանելով որպես մասունքների նույնականացման ընթացքում տեղ գտած սխալմունք:





























