Հայաստանյան քաղաքական ուժերից ոչ մեկը չպետք է փորձի դիվիդենտներ շահել երիտասարդ քաղաքացիական շարժումից կամ փորձի ուղղորդել այն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ միանշանակ է, որ հայ երիտասարդությունը կարողացավ միավորվել, հստակ ձեւակերպել իր պահանջները, կանգնել իր իրավունքների համար եւ հաջողության հասնել: «Կարծում եմ, որ այդ շարժման քաղաքականացումը տարբեր քաղաքական ուժերի կողմից եւ դրա օգտագործումը սեփական նպատակներին հասնելու համար, բացարձակապես աննպատակահարմար է»-ընդգծեց Զոհրաբյանը՝ պարզաբանելով, որ քաղաքացիական շարժումը եւ քաղաքականությունը լրիվ տարբեր հարթություններում են գտնվում:
«Քաղաքական ուժերը պետք է փորձեն երկրի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները լուծել քաղաքական հարթությունում, իսկ քաղաքացիական հասարակությունը պետք է բարձրացնի իր խնդիրները իր հարթակում եւ լուծի իր սեփական գործիքներով»,-ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը՝ հավելելով, որ ոչ ոք չի շահի քաղաքացիական շարժման քաղաքականացումից:





























