Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության ծավալը հասել է 4 մլրդ դոլարի եւ աճի միտում ունի: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսում:
RBC-ի փոխանցմամբ, Ալիեւը գոհունակությամբ նշել է, թե երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն ավելանում է՝ չնայած համաշխարհային տնտեսության աճի դանդաղեցմանը:
Նա հատուկ ընդգծել է ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը: «Այսօրվա դրությամբ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ՌՏՀ ծավալը կազմում է 4 մլրդ դոլար եւ աճի միտում ունի: Վստահ եմ՝ ապագայում այդ համագործակցությունն ակտիվորեն կշարունակվի»,- ասել է Ալիեւը եւ հավելել, որ Ադրբեջանը ռուսական զենքի առաջատար գնորդների շարքում է:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունների ժամանակ բարեկամական այցով բաքվում են գտնվել Կասպիական նավատորմի «Դագեստան» հրթիռային նավն ու փոքր հրետանային «Վոլգոդոնսկ» նավը: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե ադրբեջանական նավերը մինչեւ տարեվերջ բարեկամական այցեր կկատարեն Ռուսաստան:




























