Այսօր՝ մարտի 16-ին տեղի է ունեցել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երթը:
Բազմահազարանոց երթը մեկնարկել է Սարյանի արձանի մոտից: Ընդդիմության կողմնակիցները «Լեւոն-նախագահ», «Ազատություն քաղբանտարկյալներին» եւ այլ վանկարկումներով անցել են Հյուսիսային պողոտայով, Հանրապետության հրապարակով, Վազգեն Սարգսյան փողոցով հասել Մյասնիկյանի արձանի մոտ, ապա նամակ հանձնել Եվրախորհրդի գրասենյակին: Նամակը, որ ստորագրված է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, ուղղված է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյուրբյորն Յագլանդին:
Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսն այսօր էր անցկացնում իր երթը, քանի որ վաղը՝ մարտի 17-ին Փարիզում կայանալու է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որին ընդառաջ ընդդիմությունը եվրոպացի դիվանագետներին է հանձնել նաեւ ՀԱԿ-ի բարեփոխումների ծրագրի ժամանակացույցը:
«Հայաստանը հանձնաժողովի նիստում ներկայացնելու է իր ժամանակացույցը, մենք էլ ներկայացնում ենք մերը»,- նշել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ միաժամանակ հավելելով, որ ընդդիմությունն ապավինում է ոչ թե եվրոպական կառույցներին, այլ միմիայն սեփական ուժերին:
Ի դեպ, այսօր եւս քաշքշուկ է տեղի ունեցել երթի մասնակիցների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ: Ոստիկանության Երեւանի վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը հրահանգել է իր ենթականերին ուժ կիրառել երթի մասնակիցների նկատմամբ՝ քաշքշելով երթի մասնակիցներից մի քանիսին, սակայն քաշքշուկն արագ ավարտվել է:
Եվրախորհրդին նամակ հանձնելուց հետո ընդդիմության երթի մասնակիցները Նալբանդյան փողոցով շարժվել են դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ էլ ավարտել են երթը:


























